ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ռուսաստանցի պաշտոնյաներին խորհուրդ է տվել լավ մտածել՝ նախքան սոցցանցերը փակելու հնարավորության մասին մեկնաբանություններ տալը:
«Որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր՝ կարծում եմ, որ ռուսական օրենսդրությանը պետք է հետեւեն բոլորը՝ եւ սոցցանցերը, եւ օգտվողները:
Բայց ոլորտի համար պատասխանատու առանձին պաշտոնյաներ պետք է երբեմն ուղեղներն աշխատեցնեն եւ սոցցանցերը փակելու մասին հարցազրույցներ չտան», - Facebook-ի իր էջում գրել է վարչապետը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մեդվեդեւի նման արձագանքի պատճառը «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովի հայտարարությունն էր ՌԴ տարածքում Twitter-ի հնարավոր արգելափակման մասին:
Նշենք, Մեդվեդեւը Facebook-ից բացի գրանցված է նաեւ «Կենդանի մատյանում», Twitter-ում, «Վկոնտակտե»-ում եւ Instagram-ում: Նա նաեւ ակտիվ օգտագործում է YouTube-ի ալիքը:




























