ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը ուկրաինացի իրավապահների` երկրի արեւելքում ձեռնարկած գործողությունները ոչ արդյունավետ է որակել եւ արձանագրել, որ «ոստիկանությունը հնարավոր զինված ընդհարումները կանխարգելելու ուղղությամբ ոչինչ չի անում»: Այս մասին նա մամուլի ասուլիսի ընթացքում է հայտարարել, հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:
Իվան Շիմոնովիչը Ուկրաինայում մարդու իրավունքների շուրջ տիրող իրադրության մասին երկրորդ զեկույցն է ներկայացրել:
Նա նշել է, որ երկրի արեւելքում անօրինական զինված խմբավորումների թիվն աճել եւ մտահոգություն հայտնել, որ ձեռնարկված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում արդեն 127 մարդ է զոհվել:
«Այդ ամենը խիստ մտահոգիչ է», - ասել է նա` հավելելով, որ մարդկային զոհեր պատճառած ընդհարումների մի մասը կարող էին կանխարգելվել իրավապահների կողմից: Իվան Շիմոնովիչը չի բացառել, որ կարելի էր նաեւ Օդեսայում տեղի ունեցած ողբերգության առաջն առնել:




























