Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ պարոն Յոախիմ Գաուքը ի ճանաչումն Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի պարգեւատրել է պարոն Ալեքսան Տեր-Մինասյանին ԳԴՀ Արժանյաց կարգի խաչ շքանշանով՝ ժապավենի վրա։
Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից հայտնում են, թե պատվավոր պարգեւը 2014 թվականի մայիսի 15-ին Գյումրիում պարոն Տեր-Մինասյանին հանձնեց Հայաստանում ԳԴՀ դեսպան պարոն Ռայներ Մորելը։
Ալեքսան Տեր-Մինասյանը 1993 թվականից ի վեր ղեկավարում է Գերմանական կարմիր խաչի Գյումրու ներկայացուցչությունը, որտեղ «Մոր եւ մանկան կենտրոն» է ստեղծվել։ Կենտրոնի հետագա ֆինանսավորումն ապահովելու համար շենքի մի հատվածը հետագայում վերածվել է հյուրանոցի, որն այսօր հայտնի է որպես «Բեռլին Արտ Հոթել»։
Տեր-Մինասյանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաեւ հայ-գերմանական մշակութային փոխգործակցության հարցում։ Նա արդեն միմյանց հետ շփվելու հնարավորություն է ընձեռել բազմաթիվ արվեստագետների, կազմակերպել բազմապիսի ցուցահանդեսներ եւ փառատոններ թե´ Գերմանիայում եւ թե´ Հայաստանում։ «Արթբոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնի ստեղծմամբ նա կյանքի է կոչել մշակութային մի միություն, որը Գյումրիում գերմաներենն ու գերմանական մշակույթը ներկայացնելու առաքելություն ունի, ինչին ավանդաբար մեծ կարեւորություն է տրվում այս տարածաշրջանում։




























