Կրթության եւ գիտության նախարարը պետք է միայն կրթությամբ էլ մտահոգ լինի: Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում` «Կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ձեր գործը կրթությունն է, այլ ոչ թե` ՀՀԿ շահերի պաշտպանությունը եւ դրանց արտահայտումը խորհրդարանում կամ ֆեյսբուքում: Դրանից միայն կրթությունն է տուժում: Իսկ ինձ հենց դա է հետաքրքրում, եւ ոչ` ՀՀԿ-ն, - նկատել է ընդդիմադիրը:
Ի պատասխան Աշոտյանը հայտարարել է, թե հենց ընդդիմությունն է ամեն անգամ փորձում բանավեճի թեման մասնագիտականից քաղաքականի վերածել: «Այդ դուք եք ամեն ինչ անում, որ կրթությանը վերաբերող հարցերից քաղաքականի անցնեմ: Կարծես` կրթությունն այնքան էլ գրավիչ թեմա չէ ձեզ համար, բայց դրանում ես մեղավոր չեմ: Ես այստեղ միայն կրթական նախաձեռնություններով եմ գալիս, իսկ քաղաքական մեկնաբանություններ միայն ձեր հարկադրմամբ եմ անում», - նկատել է նախարարը:
Նշենք, որ կառավարությունը խորհրդարանին նախաձեռնություն է ներկայացրել պարտադիր անվճար դպրոցական կրթության տեւողությունը 9-ից լիարժեք միջնակարգի` 12 տարի դարձնելու վերաբերյալ:




























