Մինչեւ 2020թ. «Հայջրմուղ»-ի բոլոր սպառողները պետք է շուրջօրյա ջրամատակարարում ունենան, մայիսի 16-ին լրագրողներին հայտնել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Այժմ նրանց թիվը տոկոսային արտահայտմամբ 38% է, տարեվերջին այն պետք է դառնա 40%:
Նա նշել է, որ «Հայջրմուղկոյուղու» բարեխիղճ վճարողների թիվը 2004-13թթ. 31%-ից աճել է մինչեւ 96%: Բաժանորդների 98%-ը ջուր է ստանում օրական 4 եւ ավելի ժամ, իսկ ջրամատակարարման միջին տեւողությունը գերազանցում է օրական 16 ժամը:
Նա նշել է, որ 2013թ. ընկերությունը պետությունից ստացել է 100 միլիոն դոլար, որոնք արտասահմանից ստացվել են վարկերի տեսքով: Այդ գումարները նախատեսվում է ուղղել ջրամատակարարման ցանցի արդիականացմանը եւ ամբողջությամբ իրացնել մինչեւ 2017թ.:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 2004թ.-ից կառավարվում է ֆրանսիական SAUR ընկերության կողմից: Ընկերության գործունեության գոտում են Հայաստանի 7 մարզեր: Ընկերությունն ընդգրկված է հայ-գերմանա-ֆրանսիական ձեռնարկության կազմում, որը կառավարում է մնացած երեք մարզերի ջրամատակարարումը:



























