Հանրապետական կուսակցությունը Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու է Վաչագան Ադունցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

«Հանրապետական կուսակցությունը սատարելու է նրան, ում առաջադրել է, իսկ առաջադրել է Վաչագան Ադունցին»,- ասաց նա:

Նշենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցող չորս թեկնածուներից երկուսն են ՀՀԿ-ական, սակայն կուսակցությունն առաջադրել է Վաչագան Ադունցին, ում էլ սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մյուս ՀՀԿ-ական թեկնածուն Արա Բուդաղյանն է, որը րը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է: Բացի այս երկու թեկնածուներից՝ առաջադրվել են նաեւ Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, եւ Հրայր Յոլյանը, որը նույնպես գործարար է: