Լոռու մարզում մայիսի 15-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով քրեական գործ հարուցված չէ, սակայն վարորդին՝ Սարո Սուքիասյանին, որը միակ կենդանի մնացածն է, հարցաքննում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Թումանյանի շրջանից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ի վաղ առավոտյան: Սարո Սուքիասյանի վարած  «Վազ 21011» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու ընկել Դեբետ գետը: Վարորդը հասցրել է ժամանակին դուրս թռչել մեքենայից, բայց մեքենայում եղել է եւս երկու ուղեւոր, որոնց գետը քշել տարել է: Ուղեւորներից մեկի՝ Արարատ Բաղդասարյանի դին գտել են:

NEWS.am-ի հետ զրույցում Ձորագյուղի գյուղապետը նշեց, որ Արարատն իր համագյուղացին էր, 30 տարեկան, զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:

Ձորագյուղում խոսում են, որ Սարոն ու Արարատը դեպքի նախորդ օրը հյուր էին գնացել Թումանյանում ապրող իրենց ընկերոջը՝ Արայիկ Թորոսյանին, որի դին դեռ չեն գտել: Թե ինչու է մեքենան հայտնվել գետում, դեռ հայտնի չէ: Այնուամենայնիվ, Սարոն հերքում է, թե ղեկին ինքն է եղել:

Նշենք, որ Սարոն Անտառամուտ գյուղից է, ունի երեք անչափահաս երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքի վայրում աշխատում են Լոռու փրկարարները, ովքեր դեպքի վայրից շուրջ 15 կմ հեռու՝ գետի մեջ, հայտնաբերել են անհետ կորած ուղեւորներից մեկի դին, որը դուրս են բերել Սեւանից ժամանած ջրափրկարարները: Մյուս ուղեւորի որոնողական աշխատանքները շարունակվում են: Լոռու մարզային փրկարարական վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փրկարարները գնացել են մինչեւ Բագրատաշենի սահման, սակայն՝ ապարդյուն։