Զինվորական ծառայության ժամանակ մարտկոցի հրամանատարի հետ վիճելու եւ նրա դեմքին բռունցքով հարվածելու համար չորս տարվա ազատազրկման դատապարտված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահրամ Բարսեղյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում վիճարկում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փորձելով հասնել ազատազրկման ժամկետի պայմանական կիրառման։ Այսօր՝ մայիսի 16-ին, Վահրամ Բարսեղյանի փաստաբան Էմմա Եղիազարյանը ներկայացրեց մեղադրյալի զինվորական գրքույկը և ծառայողական բնութագիրը՝ առաջարկելով դրանք կցել դատական գործին եւ իր պաշտպանյալի դրական բնութագրերը դիտարկել որպես մեղմացուցիչ հանգամանք։ 

Դատարանը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո նկատեց, որ ծառայողական բնութագրի վրա ամսաթիվ չկա գրված, և մերժեց կցել դրանք գործին: Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց, որպեսզի ամբաստանյալը կարողանա ծառայողական զեկուցագիրը համապատասխան կարգով դատարանին տրամադրել:

NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Բարսեղյանի փաստաբան Էմմա Եղիազարյանն ասաց, որ նրանք ունեն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, երբ անձը բնութագրող փաստաթղթերը մեղմացրել են մեղադրյալի դատավճիռը:

«Քանի որ վերաքննիչ բողոքը ես ներկայացրել եմ այն առումով, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել մեղմացնող հանգամանքները, ապա գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի դրանք` ամբաստանյալին տալով պայմանական պատիժ»,-ասաց Էմմա Եղիազարյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Վահրամ Արսենի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 358հոդ. 3-րդ մասի 3-րդ կետով , այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 55261 զորամասի 1-ին ՈՒՀԴ-ի 1-ին մարտկոցի 1-ին դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ 21-10-2013թ. զորամասի ողջ անձնակազմով ճամբարային հավաքների մասնակցելու նպատակով գործուղման մեջ գտնվելով Մ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում, 26-10-2013թ., ժամը 11:05-ին Մ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանի ուսումնական դաշտում ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների համաձայն զինվորական կոչման և պաշտոնի բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող 1-ին ՈՒՀԴ-ի 1-ին մարտկոցի հրամանատար, մայոր Հայկ Վարուժանի Մուրադյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու` դասից ուշանալու կապակցությամբ կատարված դիտողության շուրջ վիճաբանել է վերջինիս հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ` մեկ անգամ բռունցքով հարվածելով մայոր Հ.Մուրադյանի դեմքին և պատճառել առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով: