Զարմանալի չէ, որ Հայաստանում ընդդիմությունը պառակտված է, որովհետեւ գործող ռեժիմը տարիներ շարունակ ջանքեր է գործադրել պառակտելու այն եւ ամբողջությամբ վերահսկում է այդ դաշտը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազատության հրապարակում «Նախախորհրդարանի» հանրահավաքին ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։
«Մենք բազմաթիվ անգամ մեր ընդդիմադիր գործընկերներին հորդորել ենք, որ օր առաջ պետք է այդ դաշտից դուրս գալ, մի դաշտ, որտեղ խաղի կանոնները հաստատվում եւ թելադրվում են գործող խանի կողմից։ Դժբախտաբար, դա մինչեւ այսօր չի գիտակցվել»,- ասաց Սեֆիլյանը։
Նրա խոսքով՝ այսօր դժվարացել է մտածող հայ մարդկանց որեւէ ծրագրի շուրջ համախմբելը, մթնոլորտը տհաճ է եւ Հայաստանում, եւ սփյուռքում, սակայն «Նախախորհրդարանը» համոզված է իր ուղու ճշմարտության մեջ եւ շարունակելու է համախմբել իրենց ծրագրի շուրջ։
«Նախախորհրդարանի համար վերջնաժամկետն արդեն պարզ է։ Բայց դա չի նշանակում, որ եթե մինչեւ այդ երկրում ստեղծվի ֆորսմաժորայն իրավիճակ, առիթը բաց ենք թողնելու։ «Նախախորհրդարանը» այդ դեպքում եւս պատրաստ է պատասխանատվությունը վերցնել իր ուսերին։ Մենք պատրաստ ենք առաջնորդել մեր ժողովրդին, մեր ժողովրդի ուժով վերացնել այդ արհավիրքը»,- ասաց Սեֆիլյանը։
Սեֆիլյանը նշեց, որ իրենք ունեն նաեւ երկրի ղեկավարի թեկնածու, բայց չնշեց նրա անունը. «Օրը կգա, այդ մարդու անունը կհնչեցնենք»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, ավելի ուշ վերադառնալով նույն հարցին, Սեֆիլյանն ասաց. «Հաճախ այս ժամանակահատվածում մենք լսում ենք այն հարցադրումը, թե ովքեր այն մարդիկ, որ պետք է առաջնորդեն մեր ժողովրդին, ով է լինելու այն մարդը, որը մեզ հերթական անգամ չի խաբելու, հերթական անգամ առեւտրի մեջ չի մտնելու, եւ ունենալու է չնահանջելու վճռականություն։ Կա՞ այդպիսի մարդ։ Ես ամենայն անհամեստությամբ այսօր հայտարարում եմ՝ այդ, այդ ես եմ»։




























