Հայ ժողովուրդն այսօր վախեցած է, այդ մասին վկայում է Ազատության հրապարակում հավաքվածների սակավությունը։  Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազատության հրապարակում «Նախախորհրդարանի» հրավիրած հանրահավաքին ասաց ազգագարագետ Հրանուշ Խառատյանը:

«Մենք այս հրապարակում ենք եղել ամենածանր օրերին: Հիմա վախենում ենք: Նայում էի հրապարակին ու սիրտս կուչ էր գալիս, որ մեր կամքն այդքան կոտրվել է, այսքան  նվաստացած, վախեցած ենք: Ես համարում եմ, որ վախեցել ենք: Մենք վախեցել ենք, քանի որ Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ բանտում է, իսկ Լիսկան իր ամբողջ ընտանիքով թելադրող դիրք ունի այս հրապարակում, որի հանցագործություններն ամեն օր ավելի ու ավելի են բացվում։ Լիսկան շարունակում է ապրել նույն ոճով, որի արդյունքում մեր հասարակությունը վախեցած է, հարստահարված է,  արտագաղթում, փախչում է մեր երկրից: Մենք չենք ուզում զենքով իշխանափոխություն, ես կարծում եմ, մենք պիտի գնանք երկրի ազատագրությանը մինչև վերջ»,- նշեց Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Նախախորհրդարանը» հանրահավաք անցկացրեց ազատության հրապարակում:   «Նախախորհրդարանի» անդամները ներկայացրին իրենց անելիքները՝ մարդկանց կոչ անելով միանալ իրենց  և միասնական ուժերով հիմնել շարժման նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը: