Նախախորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում միանալ իրենց շարժմանը:

«Նիկոլ ջան, ծանոթ ենք քո ծրագրին, հարգում ենք քո ծրագիրը, դու գիտես, որ մենք քո ծրագրին գլխավորապես համամիտ չենք այն մասով, որը տանում է դեպի 2017 եւ 2018 թթ: Ես կարծում եմ, որ դու եւս մեզ հասկանում  ես, որ մենք չենք ունենա այդ ռեսուրսը, որ համբերենք մինչեւ 2017-2018թթ , ուստի ես կարծում եմ, որ չի խանգարի քեզ ու քո նմաններին, ձեր շրջապատում փայլուն երիտասարդներին, այսօրվանից իսկ ներգրավվելու մեր կողմից սկսված պրոցեսին: Պատահական չէ նաեւ այն հանգամանքը,  որ մեր կողմից ստեղծված ընտրական հանձնաժողովում կան նաեւ թափուր տեղեր»,-այսօր` մայիսի 16-ին, «Նախախորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` շատ կարեւոր է ընդդիմադիր դաշտում  առկա գործիչների ներքին համերաշխությունը:

«Մենք գիտակցում ենք նաեւ, որ այս գործը միայն մենք չենք անելու, կան նաեւ այլ խմբեր ու անհատներ եւս եւ դրանցից ես կառանձնացնեի Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։