Պարբերաբար Գավառի մանկատնից փախչող 14-ամյա Արեւշատը հայտնաբերվել է:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արեւշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:
Մայիսի 16-ին, ժամը 21.35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, տղան հայտնաբերվել է Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին, Բագրեւանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ:
Ա. Զախարյանը տեղափոխվել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գավառի մանկատան սան Արեւշատ Զախարյանը մայիսի 3-ին նորից դիմել է փախուստի: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր. «Մայիսի երեքին ճաշից առաջ Արեւշատն ընկերներին ասաց, որ գնում է խանութ, գնաց ու երկար ժամանակ չկար, մենք էլ հասկացանք, որ դիմել է փախուստի, միանգամից ոստիկանություն դիմեցինք, սակայն դեռ չեն գտել»:
Նիկոլայ Նալբանդյանը գրեթե համոզված է, որ 14-ամյա երեխային նորից եղբայրն է փախցրել:
«Հենց մայիսի 3-ի երեկոյան եկան ինչ-որ մարդիկ ու ասացին, որ Արեւշատի եղբայրն իրենցից 1000 ԱՄՆ դոլար է գողացել, երեւի հենց դրա համար էլ փախել են, բայց թե որտեղ են հիմա գտնվում, չգիտենք: Ամեն դեպքում հիմա շատ ավելի զգույշ են լինելու»,- նշել էր մանկատան տնօրենը:
Նշենք, որ եղբայրը 1.5 տարի գտնվում էր անազատության մեջ՝ խարդախության կատարելու մեղադրանքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արեւշատ Զախարյանն ապրիլի 1-ին ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Արեւշատին գտել են ապրիլի 10-ին Երեւանի այգիներից մեկում ավագ եղբոր հետ։
Նշենք, որ Արեւշատ Զախարյանի մայրը ինսուլտ է տարել, գտնվում է անկողնային վիճակում: Բացի ավագ եղբորից՝ նա ոչ մի հարազատ չունի: Երեխան մոտ 6 տարեկանից գտնվել է տարբեր մանկատներում: Ամենասկզբից նա գտնվել է Գավառի մանկատանը, այնուհետեւ 5 տարի Հրազդանի մի ընտանիքում գտնվում էր խնամակալության տակ, սակայն այդտեղ էլ չի մնացել, դրանից հետո 2 ամիս մնացել է Գյումրիի մանկատանը, որտեղ չի համակերպվել, ասել է, թե կփախչի, այնուհետեւ մի քանի ամիս մնացել է ՀՕՖ-ի կենտրոնում եւ 3 ամիս առաջ նորից տեղափոխել են նորից Գավառի մանկատուն: Տնօրենն ասել է, որ նա շատ ինքնամփոփ երեխա է եւ վատ է հաճախել դպրոց:




























