Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած խոշոր վթարից հետո լրագրողները հակասական փաստեր են նկատել, ըստ, որի հանքի մոտ իրենց հարազատներին սպասողները տեսախցիկների առաջ հայտարարում են, թե ոչ մի հարազատ էլ չունեն հանքում աշխատող։
Ինչպես գրել է թուրքական OdaTV կայքը, ածխահանքում զոհվածների թիվը պակաս ցույց տալու համար իշխանություններն ու ածխահանքի ղեկավարությունը սպառնացել է զոհվածների հարազատների մի մասին ոչինչ չհայտնել ոչ մեկին։ Սպառնալիքի մեջ նշվել է, թե իրենց պահանջը չկատարողները կզրկվեն նաեւ գումարային խոշոր փոխհատուցումից։
Նշվում է, որ ածխահանքի մուտքի մոտ բազմաթիվ ընտանիքներ, ովքեր հայտնում էին, որ սպասում են իրենց հարազատների մասին տեղեկությունների, կամ հեռացել են, կամ էլ տեսախցիկների առաջ հայտնում են, որ իրենք հանքում աշխատող ազգական չունեն։
Նշենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, թե մայիսի 17-ի դրությամբ ածխահանքում զոհված հանքափորների թիվը կազմել է 299։ Չնայած սրան, տարբեր խոսակցություններ են շրջանառվում, որ զոհերի իրական թիվն անցնում է 350-ը։




























