Հայաստանում Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալով, այսպես կոչված, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի մասին ասվում էր հանրահավաքներում, ավարտվեց եւ ավարտվեց նոր Կերենսկիով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Բայց Հայաստանում տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական հեղափոխության հայկական տարբերակը: Եթե ցարական Ռուսաստանում այդ հեղափոխությունը այնտեղ դա խարխլեց ու քանդեց ցարիզմի հիմքերը, մեզ մոտ հայկական բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց նրանով, որ ինչ-որ մեկի խնամին վարչապետ դարձավ: Սա հայկական տարբերակն է»,-նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կլասիկան ցույց է տալիս, որ յուրաքանչյուր բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որը չի բերում իրավիճակի լավացման, ավարտվում են զանգվածային հուզումներով: «Որոշները դրանք անվանում են բունտ, որը եղել է Ֆրանսիայում: Կա նաեւ բոլշեւիկյան հեղափոխության օրինակը: Ամեն ինչ գնում է նրան, որ ամենայն հավանականությամբ, եթե Հայաստանում մարդ մնա, ապա պիտի տեսնենք զանգվածային գործողություններ: Կվերածվի՞ դա հեղափոխության, իմ անձնական կարծիքով՝ այո: Բայց կարող է վերջանալ նաեւ շատ լուրջ բունտերով»,-կանխատեսեց «Նոր ժամանակների» առաջնորդը: