Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է, սակայն վերջինս հրաժարվում է քանդել բերանի կարերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Շատ թույլ է, պառկած է այս պահին, որովհետեւ քայլել չի կարողանում, ճնշումն իջել է 50/70: Հարազատները փորձել են համոզել, որ հետ կանգնի այս քայլից եւ քանդի բերանը, հաց ուտի, սակայն չի համաձայնվում»,- ասաց նա:
Երկուշաբթի օրն արդեն փաստաբանն է այցելելու Դավիթ Խաչատրյանին՝ փորձելու համոզել վերջինիս հետ կանգնել այս քայլից:
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանն արդեն 10 օր է՝ կարել է բերանը՝ այս կեպ իր բողոքն արտահայտելով մայիսի 8-ին մեղադրողի առաջարկած 18 տարվա ազատազրկման դատապարտելուն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:




























