ԱԺ ոչ իշխանական «քառյակը» քաղաքական միասնական օրակարգ կձեւավորի եւ հանրահավաք կանցկացնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ՀԱԿ խմբակցությունում կայացած «քառյակի» հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ կձեւավորվի պահանջների ցանկ, որը կներկայացնեն իշխանությանը, կձեւավորվի քաղաքական օրակարգ մեկ շաբաթվա ընթացքում:

«Քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում. մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը։ Թե երբ կլինի այդ հանրահավաքը, մենք կորոշենք քառյակի առաջիկա նիստին»,-ընդգծել է Զուրաբյանը:

Անդրադառնալով Կուտակայինի վերաբերյալ լրամշակված օրինագծի վերաբերյալ դիրքորոշմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել է. «Մենք ունենք ալտերնատիվ նախագիծ կուտակայինի վերաբերյալ, որն այս պահին համահունչ է ժողովրդի պահանջներին եւ մոտ օրերին դրա մասին որոշում ընդունելուց հետո այդ նախագիծը կդնենք արտահերթ նիստի»: