Երեւանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում հավաքվել են այսօր՝ մայիսի 17-ին, Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված քաղաքացիների հարազատները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տասնյակ հարազատներ են հավաքվել, տեղում են նաեւ քննչական ծառայության աշխատակիցներ:

Մեզ հաջողվել է պարզել վիրավորների տարիքը՝  30-ամյա Նորայր Հարությունյան եւ Վալերի Հովհաննիսյան, 72-ամյա Մյասնիկ Հայրապետյան եւ 64-ամյա Ալբինա Բադալյան, իսկ Մնացական Սուքիասյանի տարիքը դեռ չեն հայտնում:

Մեր տեղեկություններով՝ մինչեւ կրակոցը լսվել են վեճի ձայներ, որից հետո արդեն հնչել է 7-8 կրակոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում: Հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին պատմել էին, որ կրակոցները կպել են պատահական անցորդներին: