Մեր տեսակետները բոլոր խմբակցությունների հետ բավականին մոտ են եւ հույս ունենք, որ կառավարության ծրագրի քվեարկության օրն արդեն կունենանք միասնական դիրքորոշում, մասնավորապես քվեարկության հարցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ՀԱԿ խմբակցությունում կայացած «քառյակի» հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հարցին, թե որոնք են հակասությունները 4 ուժերի միջեւ, որոնք թույլ չեն տվել միասնական դիրքորոշում ձեւավորել, Զուրաբյանն արձագանքել է. «Չեմ ցանկանում շատ խորանալ այս հարցի մեջ, քանի որ մենք երբեք հանրությանը չենք ներկայացնում մեր հակասությունները: Տարաձայնություններ, բնականաբար լինում են, բայց որտեղ հասնում ենք միասնական դիրքորոշման, դրա մասին հայտնում ենք: Մենք համարում ենք, որ կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանությունը որեւէ իրավունք չունի կառավարելու: Այն ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունն ու կոռումպացվածությունը»:




























