Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այս պահին խորհրդակցության է հրավիրել ոստիկանության օպերատիվ աշխատակիցներին, թեման այսօր՝ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներն են, ինչի հետեւանքով վիրավորվել է 5 քաղաքացի, ում այս պահին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Աշոտ Կարապետյանը նույնպես այցելել է դեպքի վայր, որտեղից վերադառնալով անմիջապես իր մոտ է հրավիրել ոստիկանության աշխատակիցներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Թե ինչ է տեղի ունեցել իրականում, դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժում կրակոցներ են հնչել: Ականատեսները NEWS.am-ին պատմել են, որ մինչեւ կրակոցները լսվել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: Նրանց փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո տեսել են, թե ինչպես են երկու քաղաքացի նստել BMW X6 մակնիշի մեքենա եւ անմիջապես հեռացել:




























