Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել  է ապօրինի փայտի եւ հողի բերրի շերտի տեղափոխման 25 դեպք:

Միջոցառումներն անցկացվել են ՀՀ Շիրակի, Լոռիի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների հատուկ պահպանվող հրապարակներ, կազմվում են արձանագրություններ եւ հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը, ինչը կհրապարակվի լրացուցիչ: Օպերատիվ աշխատանքները շարունակվում են:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հետեւողական է լինելու ապօրինի ծառահատումների եւ շրջակա միջավայրին վնաս հասցնելու այլ դեպքերը բացահայտելու, կանխարգելելու հարցում եւ հանրապետության բնակչությանը կոչ է անում զերծ մնալ ապօրինի գործողություններից: