«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված 5 քաղաքացիներից 4-ի վիճակը ծանր է: Այս մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող NEWS.am-ի թղթակցին հաղորդել է հիվանդանոցի բժիշկներից մեկը:

«Կնոջ վիճակը նորմալ է, ոտքը գիպսի մեջ է, գտնվում է ռեանիմացիայում, իսկ մյուս չորսի վիճակը ծանր է, անմխիթար վիճակում են բերվել: Հիմա ամեն ինչ անում ենք, որ կյանքներին վտանգ չսպառնա»,- ասաց նա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի առջեւ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, սակայն նրանցից եւ ոչ մեկը չի խոսում: Նրանք մեր թղթակցին ասել են, թե Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից վիրավորված մարդկանց հետ կապ չունի:

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից 4-ին այս պահին վիրահատում են:

Վիրավորված քաղաքացիների անուններն են՝ 30-ամյա Նորայր Հարությունյան եւ Վալերի Հովհաննիսյան, 72-ամյա Մյասնիկ Հայրապետյան, 64-ամյա Ալբինա Բադալյան եւ Մնացական Սուքիասյան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածները պատահական անցորդներ են, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: