«Վերնիսաժի» մոտ, այսօր՝ մայիսի 17-ին, հնչած կրակոցների գործով, քննիչներն այս պահին ուսումնասիրում են «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության ստորգետնյա կայանատեղին, որտեղ էլ, ըստ երեւույթին, տեղի է ունեցել վիճաբանություն ու կրակոցները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կայանատեղին փակ է եւ ոչ մեկին թույլ չեն տալիս ներս մտնել: Ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ մինչեւ կրակոցները լսել են, թե ինչպես են 5-6 երիտասարդներ ստորգետնյա կայանատեղիում վիճաբանում իրար հետ:

«Հնչեց առաջին կրակոցը, երկու երիտասարդ դուրս վազեցին կայանատեղիից եւ եկան դեպի «վերնիսաժ»: Այդ ընթացքում նրանց վրա շարունակում էին կրակել, դրա համար էլ վիրավորվել է «Վերնիսաժում» աշխատող կինն ու 72-ամյա տղամարդը:

Փախչողներից մեկի վրա կրակեցին հենց աստիճանների մոտ եւ նա ընկավ»,-ասաց մեր զրույցակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածները պատահական անցորդներ են, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am