«Վերնիսաժում» հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ ստացած երկու քաղաքացիներին վիրահատել են, եւս երկուսին այս պահին վիրահատում են: Այս մասին լրագրողներին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

«Վիրահատված քաղաքացիների վիճակը ծանր կայուն է»,- ասաց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ 64-ամյա Ալբինա Բադալյանը ոչ թե հրազենային վնասվածք է ստացել, այլ ոտքի կոտրվածք՝ հավանաբար խուճապի մեջ փախչելիս ընկնելու հետեւանքով:

Նշենք, որ ավելի վաղ հիվանդանոցի բժիշկները լրագրողներին ասել էին, որ կինը ոտնաթաթի հրազենային վնասվածք է ստացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ դեպքից 7 ժամ անց ոստիկանությունը դեռեւս չի հաղորդում վիրավորների անունները: