ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ շատ տարբեր դիրքորոշումներ կլինեն ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում, եւ կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն ԱՄՆ կառավարության մոտեցումը. լավն այստեղ այն է, որ սա օգնում է քննարկումներին, որ այնքան կարեւոր են տարածաշրջանին այդքան անհրաժեշտ խաղաղության հասնելու համար: Այս մասին «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ այս ամենը խթանում են երկխոսությանը, որը կարեւոր է առաջընթացի համար, քանի որ եւ Ադրբեջանում, եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում ժողովուրդը խոսում է խաղաղության մասին: 

Դտտարկմանը, որ մարտի կեսերին ամերիկացի համանախագահը թվիթերում գրել էր, որ հակամարտությունը ունի երկու կողմ՝ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, իսկ մի քանի օր առաջ ադրբեջանական News.az-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմերի շարքում  արդեն չէր հիշատակել, Ուորլիքն արձագանքեց. «Ուզում եմ հստակ լինել՝ եթե Միացյալ Նահանգները ճանաչում է ինքնիշխան երկու պետություն, դրանք Ադրբեջանն ու Հայաստանն են: Մենք հասկանում ենք որ կան նաեւ կողմեր, որոնք առնչություն ունեն խնդրին: Դա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, փախստականները եւ տեղահանվածները: Պետք է շփոթմունք չլինի թե որոնք են երկրները եւ որոնք են այն կողմերը, որոնք ազդեցություն են կրել հակամարտության հետեւանքով»:

Ինչ վերաբերում է փաստին, որ Ուորլիքը իր ելույթում օգտագործել էր «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» բառակապակցությունը, մինչդեռ համանախագահ պետությունների համանախագահները շատ ավելի չեզոք ձեւակերպում էին գտել, ամերիկացի համանախագահը պատասխանել է. «Ես դա օգտագործել եմ Քարնեգի հիմնադրամի իմ ելույթում, բայց այդ արտահայտությունը նաեւ համանախագահներն են օգտագործել հրադադարի վերաբերյալ իրենց հայտարարության մեջ: Կարեւոր չէ՝ ինչ բառ է օգտագործվում, պետք է հստակ լինի այն հանգամանքը, որ եթե պետք է լինի կարգավորում Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերաբերյալ, կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ ԼՂ-ին շրջապատող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: