Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել է որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր է նախապատրաստում:
«2014թ. մայիսի 9-ի մամուլի հրապարակումների` որպես ենթադրաբար կատարված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են դատավարական համապատասխան գործողություններ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու ուղղությամբ»,- ասվում է ՀՔԾ հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով iLur.am-ի տվյալները, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Մայիսի 7-ի երեկոյան` Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով, պարապմունքից վերադառնալիս` ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան:
Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում եւ աջ է «քաշել»: Երբ ետեւից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջեւի ուղեւորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան եւ եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը եւ հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր):
Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է եւ պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:
Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ աղբյուրի, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին, ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրն Ալեքսանյաններին` բարեխոսության «առաքելությամբ» սկսել են այցելել զանազան մարդիկ, այդ թվում՝ «գողականներ» ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:




























