Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ «Սեւոլ» լաստանավի ողբերգության պատճառով առաջիկայում լուծարվելու է առափնյա պաշտպանության ծառայությունը, դրա փոխարեն ստեղծվելու է ազգային անվտանգության նախարարություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ռենհապը»:
«Ափային պաշտպանության ծառայության փրկարարական գործողությունը սխալ էր կազմակերպված», — հայտարարել է Պակ Կին Հեն: Նախագահը նաեւ նշել է, որ ծառայության գործառույթները հանձնվել են ոստիկանությանը եւ նոր նախարարությանը:
Հարավային Կորեայի նախագահը նաեւ հերթական անգամ ներողություն է խնդրել «Սեւոլ» լաստանավի զոհված ուղեւորների հարազատներից եւ ընտանիքներից:
Հիշեցնենք, որ «Սեւոլ» նավում եղել է 476 մարդ, այն խորտակվել էր ապրիլի 16-ին: Հաջողվել էր փրկել 171 մարդու: Ավելի վաղ քննիչները հայտարարել էին, որ ողբերգության գլխավոր պատճառը ուղղության կտրուկ փոփոխությունն էր եղել:
Կալանավորվել է 20 մարդ`«Չոնհենչժին» ընկերության աշխատակիցներ, որին պատկանում էր լաստանավը, անձնակազմի անդամներ եւ Կորեայի նավագնացների միության աշխատակիցներ:




























