Հունիսի 3-ին սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնում են ամբողջ երկրում սկսված զանգվածային ցույցերի մասին՝ ի զորակցություն ընտրությունների անցկացմանը, գործող նախագահ Բաշար Ասադին եւ Սիրիայի Արաբական Հանրապետության բանակին:
«Դամասկոս» միջազգային ռադիոկայանը փոխանցում է, որ բազմամարդ ցույցը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքի «Թիշրին» մարզադաշտում: Հավաքվածները հայտարարել են, որ ահաբեկչությունն արմատախիլ անելը շարունակելու, ազգային հաշտություն ձեռք բերելու, երկրի վերականգնման եւ զարգացման համար անհրաժեշտ է ընտրությունների անցկացում, որոնց պետք է մասնակցեն բոլոր քաղաքացիները: Հավաքվածների առաջ ելույթ է ունեցել արտգործնախարարի տեղակալ Համեդ Հասանը: Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող սիրիացիներին արգելել նախագահական ընտրություններ անցկացնել, քանի որ դա նրանց իրավունքն է, եւ դատապարտել է Վաշինգտոնի, Փարիզի եւ Բեռլինի որոշումները` այդ պետությունների տարածքում գտնվող Սիրիայի քաղաքացիներին քվեարկությանը մասնակցելն արգելելու համար: Հաղորդվում է նաեւ Սիրիայի այլ նահանգներում նմանատիպ ցույցերի անցկացման մասին:





























