«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, բոլորի վիճակն այս պահին կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Մյասնիկ Հայրապետյանի, Մնացական Սուքիասյանի, Նորայր Հարությունյանի եւ Վալերի Հովհաննիսյանի վիճակը ծանր կայուն է, նրանց գիտակցությունը տեղն է: Ամենալավն այս պահին 64-ամյա Ալբինա Բադալյանն է, որի վիճակը կայուն է: Նշենք, որ առաջին չորսը հրազենային վնասվածքներ էին ստացել, իսկ կնոջ մոտ կոտրվածք է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մայիսի 18-ի երեկոյան, կրակողը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am