ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Կրամատորսկում ձերբակալված LifeNews-ի լրագրողներին ազատելու շուտափույթ քայլեր  ձեռնարկելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունից:

«ԵԱՀԿ-ի նախագահ Դիդյե Բուրկհալտերը վստահեցրել է, որ անհապաղ կզբաղվի այդ հարցով», — նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը եւս ԵԱՀԿ-ի նախագահությանը բողոքել էր ռուսաստանցի լրագրողների ձերբակալման կապակցությամբ: Նա պահանջել էր, որ առաքելությունը վճռական քայլեր ձեռնարկի նրանց ազատման ուղղությամբ:

Կրամատորսկում LifeNews-ի լրագրողների ձերբակալության մասին տեղեկությունը հայտնվել էր մայիսի 18-ին: Նրանք են Լեգ Սիդյաինը եւ Մարատ Սայչենկոն: Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում  տեղեկություն էր հրապարակվել, որտեղ ասվել էր, որ  «անհայտ անձինք, որոնք ներկայացել էին լրագրողներ եւ ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել են եւ հանձնվել իրավապահ մարմիններին` նախաքննության համար»: Գերատեսչությունում հավելել են, որ ձերբակալվածները ապստամբների ջոկատներում են եղել եւ նկարահանել նրանց գործողությունները առցանց ռեժիմով: