«Վերնիսաժի» մոտ, մայիսի 17-ին, 5 քաղաքացիների վիրավորած Գոռ Առաքելյանի 3 տարեկան երեխան՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկն այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ դեպքից ուժեղ սթրեսի մեջ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:

Գոռ Առաքելյանն ունի երկու երեխա՝ 3 տարեկան եւ 8 ամսական: Դեպքի օրը նա եղել է 3 տարեկան երեխայի եւ կնոջ հետ: Նրանց հետ է եղել նաեւ Յոլյան Լեւոնի փեսան կնոջ եւ երեխայի հետ:

Մեր տեղեկություններով՝ նրանք ճաշի էին հրավիրված, երբ ստորգետնյա կայանատեղիից դուրս գալիս իրենց ճանապարհը կտրել են Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը: Ի դեպ, նրանք օրեր առաջ էին վերադարձել Մոսկվայից, իսկ ծնունդով ախալքալաքցիներ են:

Գոռ Առաքելյանին ճանաչողները NEWS.am-ի թղթակցին վստահեցրին, թե Գոռին ծեծել են եւ հայհոյել, որից հետո միայն վերջինս կրակել է:

«Կամերաները սաղ ֆիքսել են, Գոռին ուժեղ ծեծել են եւ տարբեր հայհոյանքներ տվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am