Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմական նավերի մի ջոկատ` «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավի գլխավորությամբ Չինաստան է ժամանել` համատեղ ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն-2014» ռազմածովային ուսումնավարժանքներին մասնակցելու նպատակով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Օրերս Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ փոխծովակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովի ղեկավարությամբ Շանհայ է ժամանել նաեւ կառույցի պաշտոնական պատվիրակությունը:

Փոխծովակալը եւ սպաները չինական կողմի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել, որի նպատակն էր ուսումնավարժանքների, ինչպես նաեւ արձանագրային եւ արարողակարգային միջոցառումների անցկացման պլանի վերջին ճշտումները եւ ուղղումները համաձայնեցնել:

Ակնկալվում է, որ միջոցառումների բացման արարողությանը` մայիսի 20-ին, ներկա կգտնվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

«Ծովային փոխգործակցություն-2014» ռուս-չինական ուսումնավարժանքների ակտիվ փուլը մայիսի 22-25-ին` Արեւելաչինական ծովի ջրերում կիրականացվի: