Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Սպարտակի մեքենայի մեջ հայտնաբերվել են մանրաթելեր, որոնք էլ ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու համար արդյոք դրանք պատկանում են նախկին քաղաքապետի որդուն, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

«Նոր փորձաքննություն է նշանակվել: Սպարտակ Ղուկասյանի մեքենայի մեջ նախորդ փորձաքննությամբ մանրաթելեր են հայտնաբերված, հիմա էլ դրանք ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար՝ դրանք պատկանում են Սպարտակի հագուստին, թե ոչ: Բնական է, որ իր մեքենայի մեջ իր մանրաթելերը կլինեն»,- ասաց նա:

Հայկ Ալումյանի խոսքով՝ տարբեր տեսակի փորձաքննություն են նշանակում գործը ձգձգելու համար:

«Ամեն փորձաքննությունից առաջ ու հետո Սպարտակ Ղուկասյանին կանչում են հարցաքննության, բայց դեռ ոչինչ չի փոխվել»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգոռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: