Երեւանում մայիսի 20-ին, 21-ին եւ 29-ին կանցկացվեն Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումներ:
Քննարկումները կազմակերպվում են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ: Քննարկման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը եւ խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում:
Քննարկման ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամների կողմից կներկայացվեն հետեւյալ թեմաները՝
• Մայիսի 20՝ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները,
• Մայիսի 21՝ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում,
• Մայիսի 29՝ դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումները:
Միջոցառմանը կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահը, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը, Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























