Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը չի ճանաչելու մայիսի 25-ին նշանակված Ուկրաինայի նախագահի ընտրությունները, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Դոնբասի «Ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարյովը: Նրա խոսքով, այդ ընտրություններն անօրինական են եւ Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ են անցկացվում:

Մեր անկախ պետությունների (Դոնեցի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների) տարածքում դրանց անցկացումը անօրինական է, եւ, կարծում եմ, նույնիսկ նման փորձ չի էլ լինի», - հայտարարել է Գուբարյովը:

Նա ենթադրություն է հայտնել, որ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը»` Եվրոպան, ԱՄՆ-ն, միջազգային ֆինանսական շրջանակները, որոնք կանգնած են այս ամենի հետեւում, ընտրությունների արդյունքներն ընդունելի կհամարեն:

«Ասոցացման մասին «կաբալային» համաձայնագիր կկնքվի, եւ Ուկրաինայի տարածքում թերթաքարային գազի վերամշակման նախագծային աշխատանքները կշարունակվեն: Ռուսալեզու բնակչության իրավունքները նախկինի պես կոտնահարվեն, վետերանների կրծքից ժապավեններ կպոկվեն: Այդ ամենը մեզ մոտ խիստ անհանգստություն է առաջացնում», - նշել է աշխարհազորայինների առաջնորդը:

Նրա խոսքով, Դոնբասի աշխարհազորայինները պատրաստ են երիտասարդ, նորաստեղծ պետության դեմ զինված ագրեսիա նախաձեռնելու բոլոր փորձերին համարժեք պատասխան տալ:

«Հանրաքվեն օրինականացրել է մեզ: Այսօր դե-ֆակտո անկախ ինքնիշխան տարածք ենք ներկայացնում: Չնայած նոր իշխանության ձեւավորման ուղղությամբ դեռ շատ աշխատանք ունենք անելու», - նկատել է Գուբարյովը: