Մոլդովացի պատգամավորներն առաջարկում են խստացնել անջատողական կոչեր տարածելու համար նախատեսված պատժաչափը` 20 տարվա ազատազրկման հասցնելով: Ինչպես Publika.md-ն է հայտնում, համապատասխան նախաձեռնությամբ երկրի խորհրդարան են ներկայացել ազատական-բարեփոխումային կուսակցության ներկայացուցիչները:
Համաձայն փաստաթղթի նախագծի, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված անջատողական կոչերի համար նախատեսված պատիժը կարող է մինչեւ 12 տարվա ազատազրկմամբ սպառնալ: Սակայն, եթե դրանց արդյունքում բռնություն է գործադրվում, ապա նման դեպքերի համար առաջարկվում է պատժաչափը 20 տարվա հասցնել: Ընդ որում, անջատողականության մեջ մեղադրվող կազմակերպությունը պետք է օրենքից դուրս հայտարարվի:
Անջատողականության հրապարակային հրահրման համար նախատեսված տուգանքը մինչեւ 100 հազար լեյ կկազմի (7,3 հազար ԱՄՆ դոլար): Սադրիչ գործունեություն իրականացրած օտարերկրացիները երբեք չեն կարողանա երկրի քաղաքացիություն ստանալ: Իսկ արդեն իսկ քաղաքացիություն ունեցողները կզրկվեն դրանից:
Նախաձեռնության հեղինակները ներկայացված առաջարկությունները հիմնավորում են նրանով, որ «տարածաշրջանում տիրող իրադրության ֆոնին անջատողական շարժումների առաջացման ռիսկը չափազանց բարձր է»:




























