Բաքվում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի կողմից հնչեցված մեղադրանքներին:

«Նովրուզ Մամեդովի պնդումներն իրականության հետ առնչություն չունեն», - հայտնել են դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունից` ի պատասխան «Թուրան» գործակալության` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքի:

Հիշեցնենք` մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի` քաղաքացիական հասարակության հետապնդումները դադարեցնելու պաշտոնական Բաքվին ուղղված կոչերը, Մամեդովը հայտարարել էր, թե դեսպանն Ադրբեջանի իշխանություններին դասեր տալու իրավունք չունի:

Սեփական դատողություններով տարված Մամեդովը նույնիսկ հայտարարել էր, թե «Մոլոտովի կոկտեյլների» կիրառությունը Միացյալ Նահանգների նախաձեռնությունն է եւ դրա համար որպես վկայություն «արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների հրապարակումները» բերել: