Վերջերս, Հակադեֆամացիոն Լիգան (Anti-Defamation League) հանդես է եկել հերթական հայտարարությամբ` նպատակ ունենալով հստակեցնել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Հակադեֆամացիոն Լիգայի կայքի Եվրոպայի բաժնում գրված է. «Քանի որ շարունակում են հարցեր բարձրաձայնվել Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիքորոշման շուրջ, մենք ցանկանում են պարզաբանել, որ ինչպես նշել էինք 2008թ. օգոստոսին, Հակադեֆամացիոն Լիգան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Այս նոր հայտարարությունը 2008թ. Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վերահաստատումն է:
Սակայն Հակադեֆամացիոն Լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը 2007թ. հայտարարության մեջ խուսափել է Հայոց ցեղասպանություն ճիշտ եզրույթի օգտագործումից: Ֆոքսմանի 2007թ. հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդ գործողությունների հետեւանքները, անշուշտ, հավասարազոր են ցեղասպանությանը: Ավելին, մենք շարունակում ենք վճռականորեն հավատալ, որ Կոնգրեսի բանաձեւը այսպիսի հարցերի վերաբերյալ անարդյունավետ քայլ է եւ չի ամրապնդի թուրքերի ու հայերի միջեւ հաշտեցումը, եւ կարող է վտանգի ենթարկել Թուրքիայի հրեական համայնքը եւ Թուրքիայի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ կարեւոր բազմակողմանի հարաբերությունները»:
Վերջերս Հակադեֆամացիոն Լիգայի հայտարարությունը նախորդել է մայիսի 17-ին Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի ավարտական հանդիսությանը Աբրահամ Ֆոքսմանի ելույթին: Սաֆոլք համալսարանի` Ֆոքսմանին որպես 2014թ. հանդիսության խոսնակ ընտրությունը տարակուսանք է առաջացրել դպրոցի ուսանողական խորհրդի, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից, որոնք կոչ են արել համալսարանին վերանայել իր որոշումը: «Սաֆոլքը հավակնում է լինել բազմազանության մարմնացում եւ մի վայր բոլոր մարդկանց համար, սակայն ակնհայտ է, որ այս խոսնակը չի մարմնացնում այդ արժեքները»,- Բոստոն Գլոբին է հայտնել համալսարանի Ազգային իրավաբանների միավորման նախագահ Էմի Ուիլիսը:
Հակադեֆամացիոն Լիգայի հայտարարությունը հաջորդել է ապրիլի 23-ի Ամերիկայի հրեական համայնքի հայտարարությանը, որտեղ վերջինս կոչ է արել թուրքական կառավարությանը “հաշվի նստել Հայոց ցեղասպանության իրողության հետ»:
«Սա մի գործընթացի սկիզբ է, որով ավելի լավ կհասկանանք, թե արդյոք պարոն Ֆոքսմանը եւ Ազգային Հակադեֆամացիոն Լիգան անկեղծորեն ընդունում են նոր եւ հստակ վարքագիծ Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատման շուրջ»,- հայտնում է Համագումարի Խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը, հավելելով. «Որպես Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ, այս խնդիրը դառնում է ավելի անձնական, քանի որ Մասաչուսեթսի հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում պարոն Ֆոքսմանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը եւ Կոնգրեսում ջանքերին: Գործողություններն ավելի խոսուն են, քան խոսքերը, սակայն հաշվի առնելով համալսարանի որոշումը շարունակել Ֆոքսմանի հետ համագործակցությունը եւ Հակադեֆամացիոն Լիգայի վերջին հայտարարությունը, այժմ նա բացառիկ հնարավորություն ունի հստակեցնել եւ արտահայտել իր կազմակերպության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:




























