ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տագիսը մայիսի 19-ին, ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ի թղթակիցն է հաղորդում, նրանց ուղեկցել են ՀՀԿ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը եւ Նաիրա Կարապետյանը: Արարողությանը ներկա են գտնվել նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ: Էդուարդ Շարմազանովը եւ Իոաննիս Տագիսը նաեւ Անմար կրակին են ծաղիկներ դրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

«Մայիսի 19-ն անչափ կարեւոր օր է հույն ժողովրդի համար: Սա Պոնտոսի հույների պատմության ամենաողբերգական էջն է, որտեղ հազարավոր հույներ իրենց հայրենիքն ու կյանքը կորցրին: Հույն ժողովուրդը սերտ կապեր ունի Հայաստանի հետ, քանի որ Պոնտոսի հույների մեծ մասը հենց այստեղ են ապաստան գտել ու նոր համայնք կազմել. նրանք հայկական հասարակության մի մասն են այլեւս: Դա Հայաստանի եւ Հունաստանի ընդհանուր պատմության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, որի շնորհիվ երկու ժողովուրդներն էլ ավելի են մերձենում միմյանց», - նշել է դեսպան Թագիսը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, իր հերթին, նշել է. «Համաձայն ավանդույթի, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցինք` եւս մեկ անգամ արձանագրելով, որ թուրքական պետությունը հերքողականան քաղաքականություն է վարում, քանի որ ինչպես հույների, այնպես էլ հայերի ցեղասպանության պարագայում մարդկանց դասական հայրենազրկման հետ գործ ունենք: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր խնդիրը պետք է լինի միավորել ուժերը` թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարի համար»: Շարմազանովը նկատել է, որ, ցավոք սրտի, նույնիսկ 100 տարի անց, Թուրքիան իր մեջ ուժ չի գտնում սեփական պատմության հետ հաշտվելու եւ ինչպես հայերի, այնպես էլ հույների եւ Օսմանյան Թուրքիայի այլ քրիստոնեա ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելու համար:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am