Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:
«Լավ է, որ ամերիկացի համանախագահը նույնպես այն կարծիքին է, թե Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործումը կարող է երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմքերից մեկը դառնալ», - հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ջրամբարի համատեղ օգտագործման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված տեսակետը:
Դավիթ Բաբայանի համոզմամբ, դա վստահության ամրապնդմանն ուղղված քայլ կարող է դառնալ: «Ղարաբաղյան կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համատեղ օգտագործման հարցը քննարկման դնել: Բայց նույնպիսի հետաքրքրվածություն պետք է նաեւ Ադրբեջանի կողմից լինի: Գործընթացը պետք է փոխադարձաբար ձեռնտու լինի», - նշել է մամուլի քարտուղարը` հավելելով, որ մնացածը տեխնիկական բնույթի հարցեր են` ինչպես օգտագործել ռեսուրսները, ինչ կարող է տալ Ադրբեջանը` ջրի դիմաց եւ այլն: Այս հարցերը կարող են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսությունների ընթացքում լուծում գտնել, ամփոփել է Դավիթ Բաբայանը:




























