Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ միջնորդ Վոլֆգանգ Իշինգերը ակնկալում է, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ, նորմալ կանցնեն: Նրա խոսքով՝ դրանց արդյունքները կարող են նպաստել հակամարտության լուծմանը: Այս մասին Իշինգերն ասել է Deutschlandfunk-ին տված հարցազրույցում:

ԵԱՀԿ միջնորդը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, «երկրի արեւելյան որոշ քաղաքներում ընտրությունները չեն կարող անցնել ինչպես հարկն է»՝ հստակեցնելով, որ «ծավալով դա կազմում է ողջ երկրի մոտ 10 տոկոսը»:

«Ընտրությունների արդյունքը կարող է զգալիորեն բարդացնել Կիեւի հակառակորդների կողմից նոր նախագահի լեգիտիմությունը չընդունելը»,-հայտարարել է ԵԱՀԿ միջնորդը եւ ընդգծել, որ թեեւ դա չի ստիպի անջատողականներին վայր դնել զենքը, բայց կարող է կարեւոր քայլ լինել հակամարտության լուծման ճանապարհին: