Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, մայիսի 17-ին, աշխատանքային շրջայց իրականացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է նաեւ ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի հետ:

Այս առնչությամբ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հայտնի է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի  անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ  միայն մեր երկրում, այլեւ Սփյուռքում, եւ մասնավորապես ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ: Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ եւ հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերվում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին եւ քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվեց դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրեց վերջինիս պահման պայմանները: Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից եւ ընդհանուր պահման պայմաններից  բացարձակ որեւէ բողոք չունի: Նա ընդգծեց նաեւ, որ անչափ կարեւորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնեց, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին: «Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենհայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմում էր դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է  րոպեներ  անց ուշքի եկել: Վարդան Պետրոսյանը շնորհակալությունը հայտնեց նաեւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:  Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն հայտնեց դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դատական քննության ընթացքին որեւէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի եւ համոզմունք հայտնեց, որ դատարանը կկայացնի օրինական եւ արդար որոշում:  Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը՝ նշեց, որ Վարդանի երկրպագուներից է, վերջինիս նվիրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:  Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am