Եվրոպական միությունը լիովին աջակցում է 1994թ. կնքված զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի  վերջին հայտարարությանը:

Այս մասին նշված է ԼՂ վերաբերյալ Եվրամիության հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախեւառաջ բնակչության համար:

Եվրոպական միությունը խորապես մտահոգված է մնում շփման գծի երկյանքով զինված պատահարների վերաբերյալ տվյալներով եւ զոհերի մեծ թվի պահպանմամբ: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը եւ կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր հավանական գործողություններից: Այդ նպատակով մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել զինադադարը, որի պարտավորությունը նրանք կրում են` շփման գծի երկու ուղղություններով ներխուժումները դադարեցնելու համար, եւ զսպվածություն պահպանել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ իրենց հրապարակային հայտարարություններում: Եվրոպական միությունը կոչ է անում կողմերին հավելյալ ջանքեր եւ միջոցներ գործադրել` զինադադարի եւ խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական միությունն այս առիթով վերահաստատում է իր լիակատար աջակցությունը համանախագահներին` նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական, արդարացի եւ ամուր կարգավորմանը, ինչը կենսական կարեւորություն ունի տարածաշրջանի ապագայի համար: Մենք հրավիրում ենք կողմերին դեպի երկխոսության կառուցողական ուղի եւ խրախուսում ենք նրանց` համանախագահների ջանքերն ավելի արդյունավետ օգտագործելու:

Եվրոպական միությունը կրկին իր աջակցությունն է հայտնում առանց բացառության բոլոր սկզբունքներին` առաջարկված Ֆրանսիայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից 2009-2013թթ. Իրենց արված հայտարարություններում: Ամենաբարձր մակարդակով երկխոսության վերականգնման համատեքստում մենք աջակցում ենք անցած նոյեմբերին համանախագահների` կողմերին արված կոչին` զբաղվելու դեպի խաղաղության համաձայնագիր տանող կառուցողական եւ բարեխիղճ բանակցություններով:

Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ակտիվ ջանքեր ներդնել հակամարտության կարգավորման համար` վստահության միջոցների զարգացմամբ եւ ստեղծմամբ` ի աջակցություն Մինսկի խմբի եւ նրա հետ լիակատար համագործակցությամբ, աջակցել խաղաղության հասնելուն նպաստող հետագա քայլերին:

Առիթից օգտվելով` ԵՄ-ն ողջունում է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Կասպրշիկի եւ նրա թիմի կողմից, երբեմն անվտանգության բարդ պայմաններում, իրականացված աշխատանքը: Եվրոպական միությունը մեծ նշանակություն է տալիս առանց խոչընդոտնի նրանց գործունեության` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով շփման գծում զինադադարի մոնիտորինգի շարունակությանը»: