Դուք անբարոյական եք, բոլորդ անբարոյական եք։ Այսպիսի բառերով այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողներին է դիմել ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, երբ լրագրողներից մեկը մոտեցել է նրան մեկնաբանություն ստանալու ակնկալիքով։

«Ես մոտեցա, ներկայացա, որ «Ազատություն» ռադիոկայանից եմ, Ռուզան Ստեփանյանն եմ, եւ խնդրում եմ իր մեկնաբանությունը, շաբաթ օրը «Վերնիսաժում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ինքը խնդրեց անջատել տեսախցիկը։ Երբ որ մարդը չի ցանկանում նկարահանվել, ես անջատում եմ։ Ես անջատեցի, տեսախցիկն անջատելուց հետո ինքն ասաց. «Դուք իմ կյանքը կերել եք»։ Ես ասացի, որ երբեք ձեզ չեմ մոտեցել, առաջին անգամ եմ մոտենում եւ որպես մտավորական ձեր գնահատականը խնդրում։ Ինքն էլ ասաց. «Դուք անբարոյական եք, եւ բոլորդ անբարոյական եք» եւ ցույց տվեց այդտեղ կանգնած բոլոր լրագրողներին»,- պատմեց Ռուզան Ստեփանյանը։

Ըստ լրագրողի՝ նա ապշահար լսել է վիրավորանքները։ «Ես վիրավորանքին վիրավորանքով երբեք չեմ պատասխանել։ Ուղղակի ասեցի, ինչո՞ւ եք վիրավորում, նա արդեն սկսեց վիճել մեկ այլ լրագրողի հետ եւ ներս մտավ»։

Այնուհետեւ պարզաբանման համար իրեն մոտեցած «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողին Շուշան Պետրոսյանն ասել է. «Գնացիր ստեղից»։