Գագիկ Ծառուկյանն իր պատկերացումների եւ ծրագրերի մասին ընդամենը բարձրաձայնել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենց կուսակցությունը մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին միայն հաղթելու համար: 

«Բոլորն ազատ են իրենց դրսեւորումների, առաջարկների, ընտրություններին մասնակցելու մեջ, իսկ այս հայտարարությունը դիտարկում եմ՝ որպես  առանձին քաղաքական միավոր, Ծառուկյանն իր պատկերացումների եւ ծրագրերի մասին ընդամենը բարձրաձայնել է: Անձնական իմ տեսակետն այն է, որ քաղաքական ուժ են, մենք ազատ իրավական պետություն ենք, սոցիալական եւ ժողովրդավարական եւ ցանկացած ուժ ազատ է իր ապագայի հետ կապված հարցերի մասին բարձրաձայնել»,- ասաց նա:

Թե ինչու է ԲՀԿ-ն նման հայտարարություն արել, Սահակյանը խորհուրդ է տալիս հարցնել հենց այդ կուսակցությունից, ամեն դեպքում ՀՀԿ-ն բոլոր թեկնածուներին լուրջ է վերաբերվում:

«Մենք 2013թ.-ին ընտրություններին լուրջ վերաբերվում էինք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նույն լրջությամբ էլ առաջիկա ընտրություններին կվերաբերվենք մյուս թեկնածուներին»,- ավելացրեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդը մասնավորապես ասել էր. «Գալիք համապետական ընտրություններին լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, ԲՀԿ-ն իր քաղաքական գործընկերների հետ միասին, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու եւ միասնական ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ»: