Թուրքիայի վարչապետի կողմից հանքափորին ապտակ հասցնելը եւ նրա խորհրդականի կողմից գետին ընկած քաղաքացուն ոտքերով հարվածելը կարելի է բնորոշել որպես պետական մակարդակով աղետի ենթարկված հանքափորների ծեծ։ Նման տեսակետ, այսօր՝ մայիսի 19-ին, հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական դաշտում բողոքի ալիքը չէր լիցքաթափվել եւ բողոքի ալիքի համար ընդամենը փոքր կայ էր պետք, որն էլ դարձավ մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պաթյունը։

 «Էրդողանն անսպասելի քայլ է արել Սոմայում։ Նա մոտեցել է իր դեմ բողոքող մի քաղաքացու եւ ասել, որ նա երկրի վարչապետին «յուհ» ասելու դեպքում ապտակ կուտի եւ րոպեներ անց ապտակում է մեկ այլ քաղաքացու։ Միեւնույն ժամանակ նրա աջ ձեռքը համարվող խորհրդականն էլ ոտքերով հարվածել էր գետին ընկած մեկ այլ քաղաքացու, որը մեծ արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում»,-նշեց թուրքագետը՝ ընգծելով, թե սա պետական մակարդակով աղետի ենթարկված հանքափորներին ծեծելու փաստ էր։

Իսպիրյանը շեշտեց, որ Թուրքիայում նախորդ տարի սկսված «Մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի նյարդերը բավականին լարված են, իսկ նման պահվածքով ինքը ցույց տվեց իր քենն ու զայրույթը սեփական ժողովրդի հանդեպ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչի կհանգեցնեն Էրդողանի այս քայլերից հետո սկսված բողոքի գործողությունները, թուրքագետը կարծիք հայտնեց, որ այս ամենը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ իշխանությունների համար, քանի որ նրանք ավելի լուրջ խնդիրներից են կարողացել չոր դուրս գալ՝ հիշեցնելով «Մեծ կաշառք» գործողություններից հետո ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության ձայների քիչ կորուստը։

Անդրանիկ Իսպիրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արեւմտյան մամուլը շատ զգայուն է դարձել Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին եւ բռնության դեպքերին՝ շեշտելով, որ այս ամենը շարունակում են արտաքին աշխարհում ավելի վարկաբեկել Էրդողանի առանց այն էլ լուրջ անկում ապրած հեղինակությունը։ «Պատահական չէ, որ արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ Էրդողանին արդեն բռնակալ են համարում, իսկ գերմանական հայտնի պարբերական Էրդողանին տվել էր «Ֆյուրեր» մականունը»,-ամփոփեց Իսպիրյանը

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am