«Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի հաղթող, Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը համաձայն է եվրոպական բուքմեյքերական ընկերությունների այն կարծիքի հետ, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող կդառնա Գերմանիան ներկայացնող Լենա Մեյեր-Լանդրուտը` «Satellite» երգով: Ռիբակը լրագրողներին հայտնել է, որ անձամբ իրեն օգնել են Նորվեգիայի հաղթանակի օգտին բուքմեյքերական ընկերությունների կողմից կատարվող խաղադրույքները:
Այս տարվա մրցույթի մասնակիցներին նա խորհուրդ է տվել նախօրոք մտածել, թե ինչ են ցանկանում ներկայացնել հանդիսատեսին՝ ընդգծելով, որ իր մասնակցության ժամանակ իրեն թվացել է, որ շատ երաժիշտներ չգիտեին, թե ինչու են կանգնած բեմում:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու է Եվա Ռիվասը «Ծիրանի կորիզ» երգով: Ըստ եվրոպական բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումների` Եվա Ռիվասը, կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը: Ըստ այդ կանխատեսումների՝ առաջին եռյակում կլինեն Ադրբեջանը ներկայացնող Սաֆուրան եւ Իսրայելի ներկայացուցիչ Հարել Սկատը:
Հիշեցնենք նաեւ, որ «Եվրատեսիլ — 2010» տեղի է ունենալու մայիսի 25-29-ը, Նորվեգիայի Օսլո քաղաքում` 23 000 տեղանոց «Տելենոր Արենե» մարզադաշտում: Մրցույթի անցկացման համար արդեն իսկ ծախսվել է 17 մլն եվրո: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու մայիսի 27-ին՝ մրցույթի երկրորդ եզրափակիչում:



























