Իջեւանի զորամասում մայիսի 10-ին մահացած Ներսես Կարապետյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, սակայն ձերբակալվածներ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը՝ Ղազար Կարապետյանը:

«Քննությունը շարունակվում է, մենք էլ չենք ուզում դեռ խառնվել, սպասենք՝ տեսնենք՝ ինչ կպարզի նախաքննական մարմինը: Փորձաքննության արդյունքները նույնպես դեռ չեն հայտնում: Մենակ գիտենք Ներսեսի հետ դեպքի օրը դիրքերում եղած զինվորին հարցաքննելու մասին, ուրիշների մասին ոչինչ չեն ասում»,- ասաց նա:

ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գործով ձերբակալված անձ այս պահին չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները  խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Մահացած զինվորի հարազատները համոզված են, որ Ներսեսը ինքնասպանություն չի գործել: