Հայաստանի բանկերն ի վիճակի չեն մարտի վերջին օրերի ցրտահարությունից տուժած բոլոր ֆերմերների վարկերը դուրս գրել: Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանության, թե ֆերմերներն աջակցության կարիք ունեն, Ջավադյանը առարկել է. «Այդ դեպքում էլ բանկերի ավանդատուները եւ բաժնետերերը կարող են տուժել»:
«Մենք չենք կարող պարտադրել բանկերին, որ իրենց ավանդատուների եւ բաժնետերերի միջոցները վտանգեն: Իսկ դա տեղի կունենա, եթե չարդարացված վարկերի դուրս գրում նախաձեռնեն: Բացի այդ, այդպիսի բարեգործներ հազիվ թե գտնվեն», - նկատել է Ջավադյանը:
Նա հիշեցրել է, որ պետությունը ֆերմերներին հատկացվող գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմ է կիրառում: 14 տոկոսանոց վարկերը 4 տոկոսային կետով սուբսիդավորվում են, իսկ սահմանակից գյուղերում` 6 կետով: Ծրագիրը 27 հազար ֆերմերային տնտեսություններ է ներառում, որոնցից 4 հազարն են տուժել ցրտահարությունից: «Նրանց ցուցաբերված աջակցության ծավալը 4 մլրդ դրամ է կազմել (շուրջ 9,7 մլն ԱՄՆ դոլար - Խմբ), եւ դեռ 5 մլրդ դրամ էլ հատկացնելու ենք», - նշել է Ջավադյանը:
Պարտատեր ֆերմերների հետ անհատական կարգով վարկային պայմանների մեղմացման հնարավորություններ եւս քննարկվում են: Այլընտրանքների թվում են վարկի ժամկետի երկարացումը (ներկայումս 2 տարի է) եւ արտոնյալ ժամկետի սահմանումը:



























