Պետեկամուտների կոմիտեի միացումը ֆինանսների նախարարությանը եվրասիական ինտեգրմամբ է թելադրված, մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելը ենթադրում է նաեւ հարկային մարմինների ավելի սերտ համագործակցություն: Պատճառն այն է, որ ԵՏՏ-ի երկրների մաքսատուրքերը միասին են հավաքելու, իսկ հետո բաժանելու են միմյանց միջեւ: «ՀՀ մաքսային համակարգում կհայտնվեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի, ապագայում նաեւ Ղրղըզստանի ներկայացուցիչներ: Համապատասխանաբար, իր ներկայացուցիչներին այդ երկրներ կուղարկի նաեւ Հայաստանը», - պարզաբանել է Ջավադյանը:
Նա նշել է, որ Հայաստանը մի շարք ապրանքների համար կազատվի ԵՏՏ-ի ներկրման տուրքերից, մասնավորապես` շաքարի դեպքում: «Եթե Հայաստանում շաքարի հարկը 10% է, ապա ՄՄ-ում` 300 դոլար մեկ տոննայի համար: «Հենց այդքան էլ կթանկանար շաքարը Հայաստանում` չլիներ տուրքից ազատվելը», - հավելել է ԿԲ-ի նախագահը:
Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունում ՊԵԿ-ը եւ ֆիննախը միավորվել են՝ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ղեկավարության ներքո (ընդդիմությունն արդեն հասցրել է սա որակել որպես «գերնախարարություն» եւ Խաչատրյանի՝ պետբյուջեի տնօրինման մենաշնորհ):




























