ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանության` մեքենա առեւանգած քաղաքացու հետապնդման ելքը հանկարծակի ճանապարհին հայտնված ալիգատորն է որոշել: Հանկարծահաս սողունի պատճառով 22-ամյա Քելվին Ռոդրիգսին չի հաջողվել գողացված Honda Civic–ով ճողոպրել իրավապահների հետապնդումից: Ամերիկացին մեքենայով բախվել է կենդանուն եւ ստիպված արդարադատության ձեռքը հանձնվել: Այս մասին, Metro պարբերականին վկայակոչելով, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես Պորտ-Սենտ-Լյուիս քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են նշում, ալիգատորի հայտնությունը հաճելի անակնկալ է դարձել նրանց համար: Հակառակ դեպքում հազիվ թե կարողանային բռնել գողին:
Թե ինչպես է ալիգատորը Պորտ-Սենտ-Լյուիսի փողոցներում հայտնվել եւ ինչ վիճակում է եղել վթարից հետո, տեղեկություններ չեն հաղորդվում:
Այնուամենանիվ, սա առաջին դեպքը չէ, երբ ալիգատորներով հարուստ Ֆլորիդան գոհունակություն է հայտնում նրանց գոյության առթիվ: 2007թ. կողոպտչին բռնելու գործում մեկ այլ ալիգատոր էր օգնության հասել, այս անգամ արդեն` Մայամիի ոստիկանությանը: Իսկ 2013թ. կենդանիների եւս մեկ ցեղակից, սովորական այցելուի նման, մթերային խանութ էր մտել:




























